Search EN menu en EIB GROUP CLIENT PORTAL
Search
Results
Top 5 search results See all results Advanced search
Top searches
Most visited pages

ԵՆԲ խումբը և Ինեկոբանկն ամրապնդում են աջակցությունը հայկական բիզնեսներին ՝ ԵՄ երաշխիքի միջոցով

25 November 2025
EIB
  • Եվրոպական ներդրումային բանկի խումբը (ԵՆԲ և ԵՆՖ) Ինեկոբանկին կտրամադրի մասնակի պորտֆելի երաշխիք՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն  ընդլայնելու  համար։
  • Նախաձեռնությունը, ըստ կանխատեսումների, կաջակցի մոտ 120 հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և կօգնի պահպանել  շուրջ 1800 աշխատատեղ։
  • Ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ EU4Business երաշխիքային գործիքի շրջանակում։

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Եվրոպական ներդրումային ֆոնդը (ԵՆՖ)՝ համատեղ՝ ԵՆԲ խումբը, միավորում են ուժերն Ինեկոբանկի հետ՝ ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը հայ ձեռնարկատերերի և փոքր բիզնեսների համար։  Եվրոպական ներդրումային բանկի խումբը Ինեկոբանկին կտրամադրի 30 միլիոն եվրոյի պորտֆելի մասնակի երաշխիք «EU4Business» երաշխիքային գործիքի շրջանակում, որը Եվրոպական միության կողմից ֆինանսապես աջակցվող ծրագիր է և նպատակ ունի խթանել մասնավոր սեկտորի զարգացումն ընտրված Արևելյան գործընկերության երկրներում։

Նոր երաշխիքը հնարավորություն կտա Ինեկոբանկին ավելի մատչելի ֆինանսավորում առաջարկել հայկական ՄՓՄՁ-ներին՝ նվազեցնելով գրավային պահանջները և տոկոսադրույքները։ Երաշխիքը կծածկի ՄՓՄՁ-ների անհատական վարկերի մինչև 80 %-ը, իսկ  համախառն հնարավոր վնասները կսահմանափակվեն պորտֆելի 25%-ով։ Այս ռիսկերի բաշխման մեխանիզմը, ըստ գնահատականների, կաջակցի մոտ 120 ձեռնարկության և կնպաստի մոտ 1 800 աշխատատեղի պահպանմանը Հայաստանի ողջ տարածքում։

Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում, որին մասնակցել են Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Չիչյանը, ԵՆԲ ներկայացուցիչ Լուկա Պոնզելինին և ԵՆՖ ներկայացուցիչ Մարտինս Յանսոնսը։ Եվրոպական միության անունից միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով վերահսկում է Բանկի գործունեությունը Հայաստանում, նշել  է.

«Այս երաշխիքով աջակցվող յուրաքանչյուր վարկի հետևում կանգնած է փոքր բիզնեսի սեփականատեր, որը փորձում է թիմը համախմբված պահել, սարքավորումներ գնել կամ նոր շուկաներ ընդլայնվել։ Ինեկոբանկի և Եվրոպական միության հետ համագործակցելով՝ մենք համոզվում ենք, որ ֆինանսավորման հասանելիությունը խոչընդոտ չէ, այլ կամուրջ, որը նպաստում է աշխատատեղերի պահպանմանը և ամրապնդում Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը»։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է․

«Ինեկոբանկի հետ մեր համագործակցության միջոցով` Եվրոպական միությունն օգնում է քաղաքականության առաջնահերթությունները վերածել իրական տնտեսական արդյունքների։ Այս երաշխիքն ավելի շատ հայ ձեռնարկատերերի հնարավորություն կտա ֆինանսավորում ստանալ, ամրապնդել իրենց բիզնեսը և աջակցել դիվերսիֆիկացիային՝ նպաստելով ավելի դիմացկուն և մրցունակ տնտեսության ձևավորմանը»։

Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն իր խոսքում ընդգծել է․

«Այս գործընկերությունը հաստատում է Ինեկոբանկի ռազմավարական դիրքը որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար ուժ։ ԵՄ-ի և ԵՆԲ խմբի վստահությունը մեր կառույցի նկատմամբ թույլ է տալիս մեզ  ավելի շատ ռեսուրսներ ուղղել երկրի ամենադինամիկ և աշխատատեղեր ստեղծող բիզնեսներին։ Այս համագործակցության արդյունքում Ինեկոբանկը ՄՓՄՁ-ների համար կառաջարկի բարելավված ֆինանսավորման պայմաններ, որոնք կապահովվեն առաջին կորստի պաշտպանությամբ՝ նվազեցնելով վաղ փուլում առաջացող ռիսկերը և ընդլայնելով  մեր ճկունությունը հաճախորդների սպասարկման գործում։  Մենք կշարունակենք ձևավորել Հայաստանի տնտեսական միջավայրը, խթանել աճը, նպաստել նորարարությանը և աջակցել երկրի համայնքների զարգացմանը»։

 ԵՆԲ -ի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության երկարաժամկետ վարկային հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Կառուցված լինելով ութ հիմնական առաջնահերթությունների շուրջ՝ մենք ֆինանսավորում ենք ներդրումներ, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակներին՝ խթանելով կլիմայական գործողությունները և շրջակա միջավայրի պաշտպանությունը, թվայնացումը և տեխնոլոգիական նորարարությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը, համախմբվածությունը, գյուղատնտեսությունը և կենսատնտեսությունը, սոցիալական ենթակառուցվածքները, կապիտալի շուկաների միությունը և ավելի ուժեղ Եվրոպա ունենալուն՝ ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհում։ 

ԵՆԲ խումբը, որը ներառում է նաև Եվրոպական ներդրումային ֆոնդը (ԵՆՖ), 2024 թվականին ստորագրել է մոտ 89 միլիարդ եվրոյի նոր ֆինանսավորում ավելի քան 900 բարձր ազդեցություն ապահովող նախագծերի համար՝ խթանելով Եվրոպայի մրցունակությունն ու անվտանգությունը։

ԵՆԲ խմբի կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերը համապատասխանում են Փարիզի կլիմայական համաձայնագրին, ինչպես որ խոստացել ենք մեր Կլիմայի բանկի ճանապարհային քարտեզում։ ԵՆԲ խմբի տարեկան ֆինանսավորման գրեթե 60%-ն աջակցում է կլիմայի փոփոխության մեղմմանը, հարմարվողականությանը և ավելի առողջ շրջակա միջավայրին անմիջականորեն նպաստող նախագծերին։

Խթանելով շուկայական ինտեգրացիան և ներգրավելով ներդրումներ՝ Խումբը 2024 թվականին աջակցել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար ռեկորդային ավելի քան 100 միլիարդ եվրոյի նոր ներդրումների և մոբիլիզացրել է 110 միլիարդ եվրոյի աճի կապիտալ ստարտափների, մասշտաբային ձեռնարկությունների և եվրոպական առաջամարտիկների համար։ Եվրոպական միության շրջանակներում ԵՆԲ-ի ֆինանսավորման մոտավորապես կեսն ուղղված է համախմբված տարածաշրջաններին, որտեղ մեկ շնչի հաշվով եկամուտը ցածր է ԵՄ միջինից։ 

Մեր գլխավոր գրասենյակի բարձրորակ, թարմացված լուսանկարները լրատվամիջոցների համար հասանելի են այստեղ։

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որը մատուցում է մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հարմարեցված ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների կարիքներին։ Տարիների ընթացքում բանկը ներդրել է նորարարական թվային լուծումներ և պրոդուկտներ՝ ձևավորելով ֆինանսական ծառայությունների նոր մշակույթ Հայաստանում։ Բիզնեսի զարգացմանն ու տնտեսական աճին աջակցելու իր ընդգծված ուղղվածությամբ Ինեկոբանկը  հանդիսանում է կարևոր ֆինանսական հաստատություն, որի միջոցով ԵՆԲ խումբը և Եվրոպական միությունը ընդլայնում են ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՄՓՄՁ-ների համար։

Contact

Reference

2025-473-HY